ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Փո՛ղ, շա՛տ փող»՝ բանակի հաշվին

«Փո՛ղ, շա՛տ փող»՝ բանակի հաշվին
14.05.2025 | 14:24

Տարիներ առաջ մի հեռուստաշոու կար, որի գովազդը բարձրաձայնում էր. «Փո՛ղ, շա՛տ փող…»:

Հիմա Հայաստանում ամեն ինչն է գոռում այդ բառերով՝ հարկերը թանկացնել, տուգանքները մեծացնել, ուղեվարձը բարձրացնել, նոր պատիժներ սահմանել ու նոր տուգանքներ սահմանել, ամեն ինչը դարձնել վճարովի, միայն թե շատ փող գա, շատ փող հավաքվի բյուջեում: Իսկ թե ի՞նչ կլինի վաղը, տնտեսությունից ի՞նչ կմնա, երկրից ի՞նչ կմնա, դա իշխանություններին չի հետաքրքրում:

Հիմա էլ իշխանական պատգամավորներն օրենք են ընդունում՝ պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելու մասին: Մի կռվան ունեն՝ եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են, տարբեր կոռուպցիոն սխեմաներով, իրենց զավակներին ազատել ծառայությունից, ապա ինչո՞ւ այդ փողը պետությունը չաշխատի, որտեղից էլ այն սահուն կհոսի իշխանականների գրպանը:

Առողջ դատողությունը հուշում է, որ դա բերելու է բանակի կազմաքանդմանը, երկիրը մնալու է անպաշտպան: Բայց հիմա ո՞վ է առաջնորդվում առողջ դատողությամբ, որ իշխանություններն առաջնորդվեն: Նրանց համար մի սևեռուն գաղափար կա՝ «փո՛ղ, շա՛տ փող»: Բայց խնդիրը ոչ թե իշխանություններն են, այլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել՝ բանակից փախնելու, ազատվելու համար: Նրանք գիտակցո՞ւմ են, որ դրանով իրենց բանակից ազատված երեխաներն ու հենց իրենք են զրկվում անվտանգությունից: Նրանք ո՞ւմ վրա են հույսները դնելու, երբ նոր պատերազմ սկսվի՝ մահմեդական կամ աֆրիկացի վարձկանների՞, թե՞ փափուկ անկողիններին սովոր եվրոպացիների: Իսկ գուցե մտածում են, թե աղքատների երեխաները, միևնույն է, կգնան բանակ ու իրենց կպաշտպանե՞ն: Թե՞ համոզված են, որ Փաշինյանը հարատև խաղաղություն կբերի, ու մեզ բանակ պետք չէ:

Վատ նորություն ունեմ՝ վարձկանների վրա հույս դնողները թող նայեն Ուկրաինայի կողմը, իսկ աղքատներին շահագործողները թող մի անգամ էլ կարդան ռուսական հեղափոխության պատմությունը՝ թե ռազմաճակատից վերադարձած բանվորն ու գյուղացին ի՞նչ արեցին ցարի ու Կերենսկու ժամանակավոր կառավարության հետ, նրանց հետ, ովքեր փողով ու փողի համար բանակում չէին, ովքեր բանակի և պատերազմի վրա կապիտալ էին դիզում: Իսկ ամենավատ նորությունն այն է, որ Փաշինյանն անկարող է խաղաղություն բերել, դա արդեն իրենից կախված չէ:

Անգամ մեր նորագույն պատմության մեջ կան թարմ օրինակներ, երբ 90-ականներին տղամարդիկ բաժանվում էին կռվածների ու չկռվածների, Արցախում կամ ՀՀ սահմանին ու Երևանի տաքուկ զորամասերում ծառայածների, ծառայածների և ընդհանրապես չծառայածների:

Տղանե՛ր և աղջիկնե՛ր, որ այդպիսի օրենք եք ընդունելու, հիշե՛ք, որ սոցիալական տարանջատումը դասակարգային պայքար է ծնում, երբ նույնիսկ շատ փողը ձեզ չի ապահովագրելու տարատեսակ անկանխատեսելի վերջաբաններից:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ